Sputnik Արմենիայի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ կադրեր, թե ինչ է կատարվել Գյումրու համայնքապետարանում, երբ ուժայինները եկել են ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուժայիններն առավոտյան ներխուժել են Գյումրու քաղաքապետարան, փորձում են բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին, որը մեկուսացել է իր առանձնասենյակում։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։
Համայնքապետարանի աշխատակիցներն ու կողմնակիցները փորձել են թույլ չտալ, որ նա ձերբակալվի։
Հիշեցնենք` հոկտեմբերի 1–ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։...Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»:
Հոկտեմբերի 17-ին Վարդան Ղուկասյանն արձագանքեց` իրավապահների ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի հայտարարության վրա։ Նա նշեց, որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, թե ինչ նկատի ուներ, քանի որ, ըստ Ղուկասյանի, հանրային դաշտից դուրս շպրտելը նշանակում է կյանքից զրկել։