ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը։ Այսմասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։
«Ողջունում ենք Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է պատանդների ազատ արձակում և մարդասիրական օգնության անարգել հասանելիության ապահովում»,– ասված է X–ում հրապարակված հաղորդագրությունում։
Գերատեսչությունն ընդգծել է, որ համաձայնագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ միջնորդների անխոնջ ջանքերի արդյունքն է:
Հայաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունը ճանապարհ կհարթի Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար։
Հիշեցնենք` հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնեց, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պաշտոնական ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հաստատեցին Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը։