ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրերի վրա, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ զոհվել է, տասը` վիրավորվել։ Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«Իսրայելի նոր ավիահարվածները հասցվել են Լիբանանի հարավին, այդ թվում՝ Զրարիե, Հարայեբ և Յաթիր քաղաքներին։ Սեպտեմբերի 3–ին հարավային Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել` տասը. յոթ լիբանանցի, այդ թվում՝ երեք երեխա, և երեք սիրիացի», – նշել է նախարարությունը։
Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական ավիացիան հարվածել է Անսարիյա բնակավայրում գտնվող շինարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցին։
Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը պատկանող ինժեներական սարքավորումներով և հրթիռային կայանքներով օբյեկտին։
«Հզբոլլահի» և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ էր մտել 2024 թվականի նոյեմբերի 27-ին՝ ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ Լիբանանի դիմադրությունը 2023 թվականի հոկտեմբերի 8-ին բացեց այսպես կոչված «Գազայի աջակցության ճակատը»։ Համաձայնագրով իսրայելական բանակը պետք է լքեր հարավային Լիբանանի օկուպացված տարածքները մինչև 2025 թվականի հունվարի 26-ի առավոտ, սակայն ժամկետները չէին պահպանվել։ Ավելի ուշ ԱՄՆ–ն հայտարարեց ժամկետը մինչև փետրվարի 18-ը երկարաձգելու մասին՝ երկու կողմերի հետ համաձայնեցմամբ։ Այդ ժամանակ Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարություն արեց, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա «բուֆերային գոտում»՝ «հյուսիսային բնակավայրերի անվտանգությունն ապահովելու» համար։