Հունիսի 27-ին Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը ներխուժեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածին՝ ձերբակալելու հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Ուժայիններին դա չհաջողվեց, ինչից հետո Միքայել արքեպիսկոպոսն ինքնակամ ներկայացավ քննչական կոմիտե, այնուհետև կալանավորվեց իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով։ Դրան նախորդել էր «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի և «Սրբազան» շարժման առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանավորումը՝ կրկին նույն մեղադրանքով։
Այս ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի և եկեղեցու բարձրաստիճան այլ հոգևորականների դեմ արշավը։ Փաշինյանը հայտարարել է, որ իր նպատակը վեհափառին գահընկեց անելն է։ Ստեղծված իրավիճակի և դրանից բխող հանրային տրամադրությունների մասին զրուցել ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ։
«Ամենամեծ վտանգը, որից պետք է վախենալ, հանրային տրամադրությունների սրընթաց ռադիկալիզացիան է։ Անկախ Հայաստանի բոլոր ժամանակներում այս կամ այն ուժգնությամբ եղել են սրացման փուլեր, ու դա միշտ ավարտվել է ողբերգությամբ։ Բայց սա աննախադեպ մթնոլորտ է։ Բոլոր մտածող մարդկանց համար՝ իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս, «քաղաքականությամբ չզբաղվողների», մշտական դիտորդների և հանրային ակտիվի, սա պետք է տագնապ լինի։ Ոչ մի լավ բան չկա դրա մեջ։ Ոչ մի առողջ բան չկա։»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։