ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը միակողմանի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։
«Նման գործողություններն անընդունելի են մի կողմի համար, որն իրեն որպես միջնորդ է ներկայացնում: Կողմնակալությունն անընդունելի է, սակայն մենք դա նկատել ենք հեռացող վարչակազմի գործողություններում»,- ասել է նա լրագրողներին՝ չմեկնաբանելով Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։
Բայրամովը հայտնել է, որ 2025 թվականին կշարունակի շփումները հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն հերթական հանդիպման օրը դեռևս որոշված չէ։ Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խաղաղության պայմանագրի վերջին նախագծում կա 17 հոդված, որից 13-ը լիարժեք համաձայնեցված են` ներառյալ նախաբանը, Ադրբեջանին առաջարկել են ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա:
Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանում «ոչ ադեկվատ և պարզունակ» որակեց հայկական ղեկավարության գործողությունները։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 5-ին հայտնեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի նախաբանի և 15 հոդվածների շուրջ։