Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Վերին Լարս տանող ճանապարհ
Ճանապարհը դեռ փակ է բեռնատարների համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը երեկ փակվել էր բոլոր տրանսպորտային միջոցների համար։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,– ասաց Հակոբյանը:
Նա նշեց, որ ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: