Անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանի երկու պաշտոնայաներ դարձյալ խոսեցին Հայաստանի մասին, ամենևին ոչ խաղաղասիրական հարթությունում։ Բաքուն պնդում է իր նախապայմանները` ավելացնելով նոր պահանջներ։
Արտգործնախարար Բայրամովը հայտարարեց, որ Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի փաստարկները նրանց չեն բավարարել և պնդեց, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որն ըստ նրա` տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
Բաքուն շարունակում է պնդել, նաև, որ դադարեցվի Եվրամիության առաքելության գործունեությունը Հայաստանի հետ սահմանին։ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հիշեցրեց, որ եվրադիտորդներին տեղակայելու որոշումը կայացվել էր Պրահայում և ասվել էր, որ առաքելությունը կարճաժամկետ է լինելու, «բայց այն արդեն մշտական բնույթ է ստացել, կազմն ու մանդատն էլ ընդլայնվում են», - ասել է Հաջիևը։
Բաքվի այս հայտարարություններին Հայաստանը պատասխանում է միակողմանի զիջումների և լռության քաղաքականությամբ։ Նույնիսկ Ցեղասպանության գլոբալ ֆորումում, որն անցկացվեց Երևանում, Հայաստանի արտգործնախարարն ու նախագահը չարտասանեցին անգամ Թուրքիա, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ բառերը։
Թեմայի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ Նորայր Դունամալյանի հետ։