ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում ՌԴ 6 մարզերի երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 10 անօդաչու ոչնչացվել է Ռոստովի մարզի, 7-ը՝ Բելգորոդի, 2-ը՝ Վորոնեժի և 1-ական անօդաչու` Կուրսկի, Բրյանսկի և Սմոլենսկի մարզերի վրա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։