ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Երևանում մնացած երեխաները չեն ցանկացել նշել Նոր տարին։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասացին երեխաների երկու խմբի ուսուցիչները։
Հայաստանում գտնվող 18 երեխաներից բաղկացած առաջին խմբի ուսուցչուհի Անահիտ Գուբազյանն ասաց, որ երեխաներն ընթրել են ու գնացել քնելու։ Խնդրել են տոն չկազմակերպել, Ձմեռ պապի չհրավիրել ու նվերներ չտալ։
«Լավագույն նվերը կլինի տուն վերադառնալը, մինչ այդ երեխաների տրամադրությունը տոնական չէ»,- նշեց Գուբազյանը։
Նա նշեց, որ երեխաների հետ մնացած երեք ծնողները փորձում են նրանց ուրախացնել՝ երեխաներին թանգարաններ ու համերգասրահներ տանելով։ Նույնը որոշել է անել Գորիսի հյուրանոցներից մեկում մնացած 16 հոգանոց խմբի ուսուցչուհի Լիլիթ Ավանեսյանը։ Երեխաների համար կկազմակերպվի էքսկուրսիա դեպի Խնձորեսկ, որտեղ երեխաները ցանկանում են տեսնել ճոճվող կամուրջը։
«Ամանորն անցկացրել են հյուրանոցում` համեստ ընթրիքի շուրջ, Ձմեռ պապ, տոնական նվերներ, ճոխություններ չեն եղել, քանի որ տոնական տրամադրություն չկա, երեխաների համար դժվար է ծնողներից հեռու գտնվելը»,–ասաց Ավանեսյանը։
Երկու ուսուցչուհիներն էլ նշեցին, որ երեխաներն անընդհատ կապի մեջ են ծնողների և հարազատների հետ, և բոլորն էլ ցանկանում էին Նոր տարվա տոները տանն անցկացնել։ Երեխաների հետ հոգեբաններ են աշխատում։
Երեխաները Երևան էին եկել դեկտեմբերի սկզբին՝ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին մասնակցելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։