ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik․ Ապօրինությունների ծավալն ու չափն աննախադեպ է, բռնի և անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ, բոլոր կարմիր գծերը հատում են։ Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամանակ նշեց «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ոստիկանության այսօրվա գործողություններին։
«Դուք ամեն երեկո տեսնում եք ՔՊ-ական պատգամավորների կոչը, հորդորը և սպառնալիքը ոստիկանությանը։ Մե՛կ շողոքորթում են, մե՛կ սպառնում, մե՛կ պարգևավճար տալիս։ Հայտնի է, որ երեկ ոստիկանության ամբողջ համակարգը պարգևավճար է ստացել, տեղեկություններ կան, որ ագրեսիվները և ակնհայտ ապօրինություններ գործողները նաև այլ տեղերից՝ որոշ օլիգարխների կողմից են ֆինանսավորվում։ Եթե իրենց թվում է, որ հանուն պարգևավճարի կարողանալու են այդքան քրեական հոդվածներ շալակել և անպատիժ մնալ, սխալվում են»,- նշեց Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ ապօրինություններով աչքի ընկած բոլոր ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու։ Նրա խոսքով՝ այն, թե քանի օր ոստիկանությունը կկարողանա պահել Փաշինյանի իշխանությունը, կախված է ժողովրդից։ Սաղաթելյանը կոչ արեց ոստիկաններին՝ չենթարկվել ապօրինի հրամաններին։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների համար կարող են զրկել մանդատից, Սաղաթելյանը նշեց՝ իրենք ավելի կարևոր մանդատ ունեն՝ ժողովրդինը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել 277 քաղաքացիներ։
Հայտնել ենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր վաղ առավոտից սկսել է անհնազանդության ակցիանները` Երևանի տարբեր փողոցներում երթևեկությունը կաթվածահար անելով։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։ Մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։