Կան շինարարներ, որոնք ներկած խողովակը որպես նոր են ներկայացնում. Սանոսյանը` Փաշինյանին

Արխիվային լուսանկար
Գնել Սանոսյանը հայտնեց, որ առանց թերությունների վերացման` շինարարները չեն վճարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 36 համայքի տրամադրել ավելի քան 885 մլն դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը տրամադրվում է 40 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար։ Գումարը տրամադրվում է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին, որոնցում 2020-21 թթ. արդեն իսկ սկսել են սուբվենցիոն ծրագրերը։
ՌԱԴԻՈ
Շինարարության ոլորտում արձանագրվել է երկնիշ գնաճ. տնտեսագետը` ցեմենտի շուկայի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ նախարարությունն ունի աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում շինհրապարակներ։

«Ցավոք, կան բավական դեպքեր, որտեղ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Դեռևս կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր խողովակ»,–ասաց Սանոսյանը։

Նա հավելեց, որ առանց թերությունների վերացման` շինարարները չեն վճարվում։
Ի դեպ, 680 սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հսկողություն է իրականացվում, և կան շինարարության առնչությամբ դեպքեր, որոնց հետ կապված խնդիրների հարցով գործեր են ուղարկվել դատախազություն։