«Վեոլիա ջուրը» խոստանում է այսօր վերացնել վթարն ու վերականգնել Արաբկիրի ջրամատակարարումը

Երևանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երևան թիվ 2» մայրուղային ջրատարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 Օգոստոս — Sputnik. «Վեոլիա ջուրը» պարզաբանել է Արաբկիր վարչական տարածքի որոշ շրջաններում ջուր չլինելու պատճառը։

Վթար Երևանում. ջրատար խողովակից դուրս պրծած ջրային շիթը մի քանի մետրի է հասնում

«Այսօր, մոտ ժամը 10-ին Երևանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երևան թիվ 2» մայրուղային ջրատարը: Դրանով պայմանավորված դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Էմինի, Արաբկիրի 17-ից-25 փողոցների, Ռիգայի փողոցի՝ իր նրբանցքներով, Վ. Փափազյան փող. 12-ից-24 համարների, Ա. Խաչատրյան փող. 22-ից-33 համարների, Կոմիտասի պող. 16-ից-50 համարների, Վաղարշյան փող. 15, 15բ, 17, 18, 20 համարների` իրենց կոտորակներով, Ադոնցի փող. 25, 27, Վրացական փող. 1-ից-10, Հր. Քոչարի փող. 9-ից-169, Զարյան փող. 1-ից-19 համարների, Մալխասյանց, Մամիկոնյանց փողոցների և Խաչատրյան փող. 1-ին նրբանցքի»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նրանց հավաստմամբ`ընկերության համապատասխան ծառայություններն անմիջապես արձագանքել են վթարին: Սկսվել են ջրատարի վերանորոգման աշխատանքները: «Ամեն ինչ արվում է դրանք այսօր իսկ ուշ երեկոյան ավարտելու և ջրատարը վերագործարկվելու համար»,–խոստանում են ընկերությունում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ֆեյսբուքյան օգտատերերը տարածել էին տեսանյութ, որտեղ երևում էր, որ վնասված խողովակից դուրս եկող ջրի շիթը մի քանի տասնյակ մետրի է հասնում։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան »Վեոլիա ջրից» ասացին, որ կուսումնասիրեն խնդիրն ու հաղորդագրություն կտարածեն։