ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյաննա յսօր նամակներ է հղել գործընկեր խորհրդարանների նախագահներին։ Տեղեկությունը նա հայտնել է Facebook–ի իր էջում։
«Ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ տեղի ունեցող անթույլատրելի ոտնձգությունները և ադրբեջանական կողմի վերջին սադրանքը, ինչի արդյունքում ՀՀ տարածքում գերեվարվել են 6 հայ զինծառայողներ, իսկ նախօրեին սպանվել էր 1 հայ զինծառայող»,–գրել է նա։
Միրզոյանը նաև նախազգուշացրել է, որ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը լրջորեն վտանգում է տարածաշրջանային փխրուն կայունությունը։
«Ըստ այդմ, կոչ եմ արել պահանջել հայ զինծառայողների անհապաղ վերադարձ և ադրբեջանական կողմի դուրսբերում ՀՀ տարածքից»,–գրել է ՀՀ ԱԺ նախագահը։
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: