ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է հայերի և ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութին։
«2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Հետևաբար ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում: Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը»,–գրել է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:
Թաթոյանը շեշտում է, որ պետական մարմինները հատկապես ճգնաժամային իրավիճակում ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենան զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:
Հորդորում եմ գործադրել բոլոր ջանքերը. Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ ՊՆ–ին, ԶՈւ–ին և ԱԱԾ–ին
«Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»,– նշել է ՄԻՊ–ը:
Հիշեցնենք` մայիսի 19-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որում ադրբեջանցիները հարձակվում են հայկական զինվորական համազգեստով մարդկանց, նսեմացնում ու հարվածում են նրանց։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ–ն պարզաբանում տարածեց` հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին։ Գերատեսչությունը վստահեցրեց, որ հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը: