ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Դրեյփերի համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակում 2020 թ.–ին հաղթել են հայկական 15 ընկերություններ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության ղեկավար Հակոբ Արշակյանը։
Նախարարը Facebook–ի իր էջում հրապարակել է հաղթող ընկերությունների անվանումները` Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot։
«Ներկայացված ընկերություններից յուրաքանչյուրը մեծ ներդրումներ ներգրավելու և շուկաներ նվաճելու հնարավորություն ունի Հայաստանում և արտերկրում»,– գրել է նա։
Հունվարի 28-ին ընկերությունները հնարավորություն կունենան իրենց ծրագրերը ներկայացնելու միջազգային ձեռներեցներին, գործընկերներին ու ներդրողներին:
Արշակյանի խոսքով` բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև կառավարության հիմնական առաջնահերթություններից է։
«Շուտով նախարարությունը կհայտարարի ձեռներեցության նոր դրամաշնորհային ծրագրերի, վերապատրաստման և զարգացման նոր հնարավորությունների մասին»,– ավելացրել է նա։
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը՝ հենվելով Սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա: