ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հունվարի 12-ին, Ջաբրայիլի, Սյունիքի և Արցախի միջանկյալ տարածքի և Ֆիզուլիի ուղղություններից հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի աճյուն: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Նրա խոսքով` որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն նաև այսօր`Հադրութի, Թալիշի, Մարտակերտի, Մատաղիսի, Քարին տակի ուղղություններով։
«Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է երեք ջոկատ, յուրաքանչյուրում ավելի քան 20 մարդ»,–նշեց Թադևոսյանը։
Ընդհանուր առմամբ, առայսօր 1229 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուն է հայտնաբերվել։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Առայսօր հայկական կողմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։