ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։
«1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրկված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ են վկայագրերը բնակավայրեր հասցրել։
Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակն արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։
Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին կառավարությունն ընդունել էր ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։
COVID-19-ի բռնկումից հետո բաքվեցի փախստականի ընտանիքը հայտնվել է փողոցում
Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։
Արդյունքում Երևանի վարչական շրջաններում հերթականությամբ և ամբողջությամբ լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:
Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում