ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ: Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Արցախի ականազերծման ծրագրի հաստատմանը։
«Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունված` Ջեքի Սփիրի հեղինակած ծրագրում նշվում է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Օրինագիծն, ըստ ընթացակարգի, պետք է հաստատվի նաև Սենատում և ներկայացվի նախագահի ստորագրմանը` օրենքի ուժ ստանալու նպատակով»,–գրել է Մակունցը։
Նրա խոսքով` ԱՄՆ պետքարտուղարության կողմից Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման դադարեցման մասին կայացրած որոշումից հետո ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տարել Կոնգրեսում և վարչակազմում` համապատասխան ֆինանսավորումը շարունակելու ուղղությամբ:
Մակունցը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի գործընկերներին՝ հետևողական աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատավարության հարցերով կոմիտեն օրերս օրակարգ էր մտցրել կոնգրեսականներ Սթիվ Շաբոտի և Ստեֆեն Քոենի առաջարկած փոփոխությունների փաթեթը:
Փոփոխությունը վերաբերում է «Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի գրավյալ տարածքների փախստականներին»:
Մինչդեռ այնտեղ չեն հիշատակվում Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից հեռացած հայ փախստականները։
Ուղղումներով բանաձևի քվեարկությունը նշանակված է 2020 թվականի հոկտեմբերին:
Փորձագետները նշում են, որ եթե այն ընդունվի, նախադեպ կդառնա մյուսների համար։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բանաձևը հակահայկական ու հակառուսական է. քաղաքագետ