ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո հայտարարեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ չենք կարող արտակարգ դրության ժամկետն անվերջ երկարացնել: Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, մենք առնվազն մեկ անգամ հիմա կերկարացնենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց նաև, որ այդ ընթացքում ՀՀ կառավարությունը կփորձի կատարելագործել նաև արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունը այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:
«Այո, մենք քննարկում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը: Դա խնդիր է, բոլորիս համար է խնդիր, բայց մյուս կողմից չենք կարող նաև համաճարակային վիճակը հաշվի չառնել»,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։
Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։
Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 28 936–ի։