ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Եթե անգամ ԱԺ պատգամավորների մեծ մասը վարակակիրներ են, պետք է գան ու քվեարկեն: Այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով կորոնավիրուսով վարակված պատգամավորների՝ ԱԺ-ի նիստերին մասնակցելու մասին հարցին:
«Եթե այնպես ստացվի, որ, ենթադրենք, ԱԺ-ն պետք է որոշում ընդունի և ԱԺ-ի պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր են, ես կարծում եմ, որ մենք, լինելով ՀՀ ղեկավար մարմին, պետք է գանք և քննարկենք, եթե կա օրենք կամ որոշում, որը օրհասական է և պետք է ընդունվի: Ես, օրինակ, կգամ, եթե իմանամ, որ դահլիճում բոլորը վարակակիր են, իսկ ես՝ ոչ: Դա մեր պարտականությունն է»,- ասաց Սիմոնյանը:
Այնուամենայնիվ, ԱԺ փոխնախագահը հերքեց մամուլում տարածված լուրերն այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, տեղյակ լինելով կորոնավիրուսով վարակված լինելու մասին, մասնակցել են ԱԺ նիստին՝ ՍԴ անդամների պաշտոնանկությանը վերաբերող օրինագծի ընդունման նպատակով անհրաժեշտ ձայներ ապահովելու համար:
Որպես հավաստում Սիմոնյանը նշեց, որ հաստատված ախտորոշմամբ պատգամավորներն այսօր նիստից բացակայում են:
ԱԺ նիստին այսօր «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից ներկա են 79-ը: Սիմոնյանը նշեց, որ կան մարդիկ, որոնք չեն հանրայնացրել իրենց վարակված լինելու փաստը:
Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների շարքերում:
«Լուսավոր Հայաստանից» կորոնավիրուսով վարակված լինելու մասին առայժմ ոչ ոք չի հայտարարել:
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցություններն ԱԺ այսօրվա նիստին չեն մասնակցում:
Երկու անկախ պատգամավորները՝ Տիգրան Ուրիխանյանն ու Արման Բաբաջանյանը, նիստին ներկա են։
«Իմ քայլից» ևս մեկ պատգամավոր է հայտարարել կորոնավիրուսով վարակված լինելու մասին