ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի –Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Իմ քայլի» նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին չի մասնակցելու, քանի որ պետք է Մոսկվայի օդանավակայանում կորոնավիրուսի թեստ հանձներ։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Փաշինյանը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Մամուլում այսօր լուրեր կային, որ նա հրաժարվել է Մոսկվա մեկնել, որովհետև պետք է անպայման կորոնավիրուսի թեստ հանձնի, քանի որ կասկածի տակ է դրվել նրա կորոնավիրուսով վարակված լինելն ու մեկ շաբաթում առողջանալը։
«Ես չեմ տիրապետում ինֆորմացիային` Փաշինյանին առաջարկվե՞լ է Մոսկվայում թեստ հանձնել, թե ոչ, սակայն դա չի կարող պատճառ կամ առիթ դառնալ, որ նա չեղարկի իր այցը»,–ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով` իրականում ամբողջ աշխարհում և մի շարք երկրների ղեկավարներն են կանգնած այդ խնդրի առաջ` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։ Սիմոնյանը նշեց, որ ոչ միայն ՀՀ ղեկավարն է հրաժարվել մասնակցել Ռուսաստանում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելուց, այլև մի շարք այլ երկրների ղեկավարներ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ էր գրել՝ ափսոսանքով հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Նա նշել էր, որ գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրեն իրականացնել այդ ուղևորությունը: Ուստի որոշել է ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք այցից, ինչն արդեն իսկ մանրամասն քննարկվել և համաձայնեցվել էր ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի աշխատակազմերի միջև։
Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։