ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ոստիկանությունը։
«Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի»,– նշված է հաղորդագրության համաձայն:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 723-ով և հասել 16003–ի։ Ընդհանուր առմամբ առողջացել է 6081 մարդ (+442), մահացել են 264-ը (+6)։