ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, որի գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կան հարվածի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: