ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին «Teach for Armenia Դասավանդիր Հայաստան» կազմակերպության հետ համատեղ կայցելի Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ: Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։
Այցի շրջանակում վարչապետի տիկինը ներկա կգտնվի պարի, ուսուցման, նկարչության, կավագործության դասերին, կշփվի Մովսես գյուղի բնակիչների հետ:
Այցի շրջանակում, հաշվի առնելով սահմանամերձ գյուղ այցելությունը, Աննա Հակոբյանը կմեկնի նաև մարտական դիրքեր՝ հանդիպելու դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ:
Հիշեցնենք, որ Հակոբյանը երեկ` նոյեմբերի 26-ին, այցելել էր ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը և տեսել, թե ինչ պայմաններում են ծառայությունն իրականացնում զինվորները։