ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Դատարանը բավարարել է ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 3.40-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները Ազատության պողոտայում նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան` փախել են։
Ոստիկանության ծառայողները հետապնդել են և Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում բռնել նրանց։ Երիտասարդները դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, հարվածել ոստիկանի գլխին, այնուհետև կրակել մյուս ոստիկանի վրա, իսկ հետո երկուսով փախել են։
Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։
Ոստիկանության ծառայողին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել 2 եղբոր
Դեպքից ժամեր անց ոստիկանության մի շարք ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով Պռոշյան գյուղի իրենց տնից հայտնաբերվել ու ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել 2001 և 2003 թվականներին ծնված եղբայրները։
Բերման ենթարկված անձինք նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու) 1-ին մասով, 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով և 104-րդ (Սպանությունը) հոդվածի 1-ին մասով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2003թ. ծնված անչափահասին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանություն), 316-րդ հոդվածի 2-րդ մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը): 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: