Սուրեն անունով որդի ծնվեց Դոնի Ռոստովի մերձակայքում հողագործությամբ զբաղվող Համբարձում Տաշչյանի ընտանիքում։ 1919 թվականին առաջնեկին սովորեցնում էին գյուղատնտեսական աշխատանք կատարել, սակայն կրթության ևս տվեցին։ Նրանց գյուղում` Չալթիրում, միայն 7 –ամյա ուսուցմամբ դպրոց կար, բայց Սուրենը հետաքրքրվում էր տեխնիկայով, աշխատում կոմբայնի վրա, իսկ օդում արդեն անդադար ինքնաթիռներ էին թռչում. նա մեծ հետաքրքրությամբ էր հետևում դրանց։
Սուրենը ցանկություն հայտնեց շարունակել ուսումը, թեև դա հնարավոր էր անել միայն Ռոստովում։ Ծնողները որդու ցանկությունն անհեթեթություն և պատանեկան խենթություն համարեցին` մտածելով, որ այն շուտով կանցնի։ Բայց կոլխոզի նախագահի միջամտությունից հետո Սուրենին Ռոստով, ամեն դեպքում, թողեցին։ Գյուղի ղեկավարը համոզեց Սուրենի ծնողներին` ասելով, որ որդին կվերադառնա կոլխոզ արդեն որակավորում ստացած մասնագետի կարգավիճակով։
Ռոստովում տասնամյա ուսուցմամբ դպրոց կար և աերոակումբ, ուր նա վազելով եկավ` շնչահեղձ լինելով անհամբերությունից։ 1939 թվականին Չալթիր վերադառնալու փոխարեն Սուրենն ընդունվեց Եյսկի ռազմածովային ավիաուսումնարան. սենյակակիցը Դմիտրի Ստարիկովն էր։
Ուսումնարանի ավարտական երեկոն կայացավ 1941 թվականի հունիսի 19-ին, Սուրենին ու Դմիտրիին Սևծովյան նավատորմի ռազմաօդային ուժերի կործանիչ գունդ ուղարկեցին։ Հունիսի 22-ի առավոտյան, երբ տղաները տեղ հասան, գերմանական ավիացիան արդեն հասցրել էր առաջին անգամ ռմբակոծել Սևաստոպոլը։
Նրանք` Սուրենն ու Դմիտրին, միասին էին թռչում, առաջինը երկրորդի առաջնորդն էր. նա քողարկում էր 360 աստիճան տեսանելիություն ունեցող և բոլոր հարթություններում ռազմական առաջադրանք կատարող ինքնաթիռը։ Բացի այդ իհարկե անձամբ ևս որսի էր դուրս գալիս` հնարավորության և անհրաժեշտության դեպքում։
«Կա խենթ, կույր քաջություն, երբ վտանգին դեմ հանդիման են գնում մշուշապատ հայացքով, հաշվի չառնելով միջավայրը, ուժերը և միջոցները, գլխակորույս մտնում են պայքարի մեջ։ Եվ կա սթափ, խելամիտ խիզախություն, երբ գիտակցված ու համառ վճռականությամբ են գնում սխրանքի և հաղթում են։ Նման խիզախության և խելամտության տեր մարդ էր ավագ լեյտենանտ Սուրեն Տաշչյանը», – տարիներ անց կգրի ավիացիայի գնդապետ Ալեքսանդր Դորոխովը։
Սուրենը բազմիցս փրկել էր Դմիտրի Ստարիկովի կյանքը` Як-1–ով, ЛаГГ-3–ով և ամերիկյան Bell P-39–ով, որն ավելի շատ հայտնի է «Աերոկոբրա» անունով։ Նա խոցել էր թշնամու 11 ինքնաթիռ, իսկ 1943 թվականի մայիսի վերջին օրերին Դմիտրիի հետ նրանք պաշտպանեցին Տուապսեն գրոհից։
Չգիտես ինչու Տաշչյանի ինքնաթիռի շարժիչն աշխատել չէր ուզում. նա թռավ ուշացումով և ավտոմատ ուղղվեց դեպի Նովոռոսիյսկ, այլ ոչ Տուապսե։ Հետո խափանվեց ռացիան, և հրամանատարական կետը չկարողացավ նրա հետ կապ հաստատել։ Սուրենը հեռվում 12 կործանիչ նկատեց, փորձեց մոտենալ դրանց, իսկ երբ հասկացավ, որ դրանք գերմանական «Գուստավներ» են, արդեն հետ քաշվելն ուշ էր։
Ստիպված էր մարտի գնալ, և այդ պահին էլ միացրեց այն սառը բանականությունը, որը սարսափեցնում է թշնամում։ Ինչպես կարողացավ մեկ ինքնաթիռով պրծնել 12–ի ձեռքից, այդպես էլ հստակ չպարզվեց. Սուրենը մարտից հետո չկարողացավ մտաբերել բոլոր մանրամասները։ Նա խոցեց գերմանական ինքնաթիռներից մեկը, մյուսները վրա հասան, և այդ խառնաշփոթի մեջ Տաշչյանը մի պահ գտավ, պոկվեց մեսսերշմիտների երամից և վերադարձավ իր զորամաս։
Սուրենի դեմքը վնասվել էր, բայց հրաժարվեց պառկել սանիտարական զորամասում. վնասվածքները թեթև էին։ Իսկ գերմանացիների շարքում ոչ այդքան հասկանալի իրարանցում էր. ամբողջ ջրատարածքը` Նովոռոսիյսկից մինչև Գելենջիկ, մանրակրկիտ զննում էին նրանց ծովային ավիացիայի ինքնաթիռները։ Պարզվեց, որ Սուրենը խոցել էր Ղրիմում գերմանական ավիացիայի հրամանատար գեներալ–լեյտենանտ ֆոն Ռուպեին, և գնդի հրամանատարությունը անհապաղ միջնորդել էր Տաշչյանին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու համար։
Այդ ժամանակ Սուրենն արդեն Կարմիր աստղի և Կարմիր դրոշի շքանշաններ ուներ, որոնք ստացել էր հավանաբար կարճ ընդմիջումով, այդ պատճառով էլ հրամանատարությունը Հերոսի կոչում շնորհելը վաղաժամ համարեց և սահմանափակվեց երկրորդ Կարմիր Դրոշով։
Սուրենն առանձնակի չվշտացավ և շարունակեց մարտնչել նույն կերպ` անվախ, բայց խելացի ձևով։ Ինչևէ, նրան խոցեցին 1943 թվականի սեպտեմբերի 25-ին, Կերչի նեղուցի վրա։ Հրամանատարները կրկին միջնորդեցին Տաշչյանին Հերոսի կոչում շնորհելու համար, արդեն` հետմահու, սակայն նրանց դարձյալ մերժեցին։
Պատերազմի կրակի մեջ պատմությունը չմոռացվեց, Տաշչյանի համագնդեցիները նույնիսկ խաղաղ ժամանակ չդադարեցին իրենց զոհված ընկերոջ համար փորձել ստանալ արժանի պարգևը։ 1965 թվականին թվում էր թե նրանք մոտ էին դրան, սակայն կրկին մերժում ստացան։
Եվ ամեն դեպքում 30 տարի անց, 1995 թվականին, արդարությունը հաղթանակեց. հերթական միջնորդությունը Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի անունով բավարարվել էր, և մահից 52 տարի անց լեյտենանտ Սուրեն Տաշչյանը Հերոսի կոչում ստացավ։
Ճիշտ է, ոչ թե Խորհրդային Միության, այլ հասկանալի պատճառներով` Ռուսաստանի Դաշնության։