ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է գնահատելով մարդու մասնագիտական որակները։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի առաջադրումը։
«Տեքստի մեջ հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որոնք, ըստ ՀՀ նախագահի, կարող են հավակնել այդ պաշտոնին: Եղած շրջանակից մենք հավաքագրել ենք թեկնածուներ, և ներկայացվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ նախագահը թեկնածուներ առաջադրելիս առաջնորդվել է միայն համապետական ու համազգային շահերով`գնահատելով մարդու մասնագիտական որակները»,– ասաց Տարասյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է նշանակում նախագահի` Գրիգորյանին առաջադրելու հայտարարության տեքստի հետգրությունը, որտեղ նշված էր. «Նախագահն անհրաժեշտ է համարում, որ ապագայում քննարկվի իր իսկ կողմից ՍԴ դատավորի նշանակման հնարավորությունը՝ փոփոխելով գործող ընթացակարգերը»: Ի պատասխան Տարասյանը նշեց, որ հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ «Մեկ տարի է` նախագահը ներկայացնում է թեկնածուներ։ Նա արդեն 4 թեկնածու է առաջադրել, որոնք չեն ընտրվել։ Դա նորմա՞լ է»,– հարցին հարցով պատասխանեց Տարասյանը։
Կանխատեսում եմ զրպարտախոսության և հայհոյախոսության շքերթ իմ դեմ. Վահե Գրիգորյան
Մեկ այլ հարցի, թե սահմանադրագետները խնդիր են տեսնում նույն թեկնածուին 2 անգամ առաջադրելու մեջ, Տարասյանն արձագանքեց` ասելով, որ նախագահն առաջադրողն է, ընտրողը չէ, ընտրողն ԱԺ–ն է։
Հիշեցնենք, որ մայիսի 31–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Վահե Գրիգորյանը փաստաբան է, Մարտի 1–ի գործով տուժածների իրավահաջորդների պաշտպանն է։
Վերջին անգամ մայիսի 29–ին էր ԱԺ–ն մերժել ՍԴ անդամի թափուր տեղի համար Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուին` Արթուր Վաղարշյանին։ Վաղարշյանը ՀՀ նախագահի ներկայացրած 5-րդ թեկնածուն է, ում մերժեց ԱԺ մեծամասնությունը։
Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվեց 2019թ.–ի ապրիլին։
Մինչ այդ` 2018թ–ի ընթացքում 6-րդ գումարման ԱԺ–ն մերժել էր նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի ու բարձրաստիճան անձանց Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները:
ՍԴ դատավորի պաշտոնը թափուր է մնացել 2017թ-ի հունիսի 16-ից` ՍԴ նախկին անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի լիազորությունների ժամկետն ավարտվելու և պաշտոնավարման տարիքը լրանալու արդյունքում:
Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունն ԱԺ–ն իրականացնում է փակ գաղտնի քվեարկությամբ։