ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հրապարակման համաձայն` ՊՆ Գյումրու Ռազմական ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ով է «ՊՆ» մակնշմամբ օճառ վաճառել Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի շուկայում։
Նա Գյումրու Մազմանյան փողոցի բնակիչ Գ. Մ-ն է` ծնված 1936թ.-ին: Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, Գյումրու կենտրոնական շուկայի՝ Շահումյան փողոցի 26-րդ շենքի դիմաց փողոցային առևտրով զբաղվող Գ. Մ.-ի վաճառասեղանից, ինչպես նաև նրա վաճառած իրերի պահպանման նպատակով նախատեսված երկաթյա տնակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է «ՊՆ» գրառմամբ 20 հատ՝ ընդհանուր 2 կգ քաշով ձեռքի օճառ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Գյումրու ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Ինչպես է զինվորների օճառը հայտնվել շուկայում. ՀՀ ԶՈւ թիկունքի պետի պարզաբանումը
Հիշեցնենք`մայիսի 23-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել և կից գրառում կատարել՝ հայտնելով, որ Գյումրու շուկայում ՊՆ պատվերով արտադրված օճառներ են վաճառվում: