ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչությունը պարզում է, թե ինչպես է բանակի կարիքների համար նախատեսված ու վաճառքի ոչ ենթական օճառը հայտնվել Գյումրու շուկայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչության պետ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը։
Սոցցանցերում օրերս լուսանկարներ են հայտնվել, որոնց վրա երևում է, որ Գյումրու շուկայում ՊՆ մակնշմամբ օճառներ են վաճառում։
Մարգարյանի խոսքով` հնարավոր է ինչ-որ քաղաքացիների ձեռքը մի քանի օճառ է հայտնվել, ու նրանք, գումարի կարիք ունենալով, որոշել են վաճառել դրանք։ Չի բացառվում, որ նախորդ արտադրողները չիրացված ապրանք են ունեցել։ Ու հիմա, օճառի մատակարարման նոր տենդեր հայտարարելուց հետո, այդ արտադրողը որոշել է վաճառել ապրանքը։
«Չեմ ուզում ոչ մեկի մեղադրել։ Հնարավոր է` արտադրողներն այդպիսով փորձել են գովազդել իրենց ապրանքը` թե այն այնքան որակյալ է, որ կարելի է նաև քաղաքացիական կյանքում օգտագործել», – ավելացրեց Մարգարյանը։
Նրա խոսքով` մի քանի տարբերակ է շրջանառվում։ Պաշտպանության նախարարությունը պարզում է հանգամանքները։