Մայիսի 18-ին` ժամը 11:00-ից 24:00-ն, Հայաստանի և Արցախի 100-ից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո, որը մատնանշում է հասարակության մեջ թանգարանների փոփոխվող նոր դերը»,-մանրամասնում է Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը։
Նրա խոսքով` շարունակելով իրենց հիմնական առաքելությունը՝ այն է հավաքչություն, պահպանություն, կրթություն, հետազոտություն, ցուցադրություն, հաղորդակցում, թանգարաններն այսօր վերափոխվում են որպես ակտիվ մշակութային հանգույցներ՝ դառնալով ավելի համայնքակենտրոն և ճկուն՝ արձագանքելով հասարակության լայն խմբերի հետաքրքրություններին, գլոբալ տնտեսաքաղաքական մարտահրավերներին և սոցիալական խնդիրներին։
Թանգարանների միջազգային օրը հիմնադրվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից 1977 թվականին՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: