ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մայրական և մանկական մահացության դեպքերի նվազման միտում ունենք։ Այսօր, պաշտոնավարման մեկ տարին ամփոփելով, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ ցուցանիշներ և միտումներ ունենք մայրական ու մանկական մահացության հարցում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ կոնկրետ թվեր այս պահին չի կարող ներկայացնել, սակայն լավ միտումն ակնհայտ է։
«Իհարկե, մանկական մահացության առումով մենք հեռու ենք ցանկալի ցուցանիշներից, դա այն է, երբ 1000 կենդանածնի հաշվով կունենանք 3-4 մահ։ Մեզ մոտ 1000 կենդանածնի հաշվով շուրջ 8 մահվան դեպք ենք ունենում տարեկան։ Սակայն մենք քայլեր ենք իրականացնում ցանկալի ցուցանիշի հասնելու համար, մասնավորապես` այս տարի ծննդօգնության ոլորտում գումարների հատկացման 600-700 մլն դրամի աճ ենք ունեցել։ Հաջորդ տարի ոլորտին հատկացվող գումարը կրկին կավելացվի»,–ասաց նա։
Նախարարի խոսքով` ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե համեմատում ենք այդ ոլորտում Հայաստանում ծախսած գումարներն ու ստացված արդյունքը, ապա արդյունքը շատ ավելին է, քան այդ գումարով կարելի էր հասնել։ Սա, ըստ նախարարի, բուժաշխատողների լավ ու անձնուրաց աշխատանքի արդյունքն է, այսինքն` մենք շատ լավ կադրային ռեսուրս ունենք։
Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ մայրական և մանկական մահացության դեպքերում իրենք ուսումնասիրում են` արդյո՞ք մահը բուժաշխատողի մեղքով է եղել, թե՞ ոչ, որպեսզի իրենց կանոնակարգումներում հաշվի առնեն դա։