ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Էքստրեմալ մարզաձևերի սիրահարները կհավաքվեն Վայոց Ձորի «Դժոխքի ձորում»` SlackLife Armenia երրորդ փառատոնին մասնակցելու նպատակով։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Սլեքլեյներս ակումբի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Նա նշեց, որ փառատոնն արդեն միջազգային է դառնում. այս տարի միջոցառմանը կմասնակցեն էքստրեմալ մարզաձևերի ավելի քան 200 սիրահարներ ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Վրաստանից, Ավստրիայից ու Գերմանիայից։ Նրանք կմասնակցեն ռոուփջամփինգի, սլեքլայնի, ժայռամագլցման մրցումներին, կկարողանան զբաղվել ակրոյոգայով։
«Շատերին թվում է` մենք մեր կյանքի հետ ենք խաղում, որովհետև այդ բոլոր մարզաձևերը վտանգավոր են։ Մենք ուզում ենք ապացուցել ու ցույց տալ, որ եթե կանոններին հետևեն, ապա սա միայն սպորտ է»,– ասաց խաչատրյանը։
Ակումբի ղեկավարը նշեց, որ փառատոնի մասնակիցներն ուղերձ ունեն` պահպանել բնությունը։ Նրանք կհավաքեն աղբն ու պլաստիկը, որոնք կուղարկվեն վերամշակման։
Ակցիայի մասնակիցներն ուզում են ցույց տալ` որքան կարևոր է իրենց համար մաքուր մոլորակը, և որ իրենք պատրաստ են անել ամեն ինչ Երկիրը պահպանելու համար։