ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. 2018թ. ընթացքում Սևան լճից բաց թողնված ջրի՝ 170 մլն խմ գերազանցող չափաքանակի հաշվին «Հրազդան» ՀԷԿ-ում շուրջ կես միլիարդ դրամի ավել էլեկտրաէներգիա է արտադրվել: Այս մասին է վկայում կառավարության նիստում այսօր ներկայացված որոշման նախագիծը:
Դրա համաձայն, արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում լրացուցիչ 481 720 000 դրամ գումարներ է առաջացել:
Այս գումարը կառավարության որոշմամբ կփոխանցվի ՀՀ պետական բյուջեի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին:
Հիշեցնենք` Սևանա լճից 2018թ.-ին ոռոգման նպատակով բաց է թողնվել 210 մլն խմ ջուր, ինչը 40 մլն խմ-ով գերազանցում է Սևանի մասին օրենքով նախատեսված 170 մլն խմ-ը: