ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Պետական համակարգը կրճատման ավելի մեծ տեղ ունի, քան առաջարկել է կառավարությունը կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագծով:
Այսօր ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առաջարկվող օպտիմալացմանը և, մասնավորապես` գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում ներառելու առաջարկին:
«Եթե գյուղատնտեսական արտադրությունն ուղղված չլինի արտահանմանը, մենք գյուղատնտեսության ոլորտում զարգացում չենք կարող ունենալ»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ արտահանման քաղաքականության մշակմամբ թե այսօր, և թե առաջիկայում զբաղվելու է էկոնոմիկայի նախարարությունը:
«Եվ մենք կարծում ենք, որ պետք է լինի էկոնոմիկայի մեկ ընդհանուր նախարարություն, որի հիմնական քաղաքական առաքելությունը նաև արտահանմանը միտված գյուղատնտեսության հնարավորություններն ու մեխանիզմները մեծացնելն է»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի այլ ծրագրերին, դրանք, Փաշինյանի դիտարկմամբ, ավելի շատ ֆինանսական հատվածի` բանկերի գործառույթների ոլորտում են, որտեղ կառավարությունը գրեթե մասնակցություն չունի:
«Այս ճանապարհով, որ գնանք, բոլոր նախարարություններն էլ կարևոր են, իսկ ով է ասել, որ կա անկարևոր նախարարություն: Բայց որ ինձ հարցնեք, նախարարությունների և առընթեր մարմինների թիվն ավելի քիչ կլինի: Ես ամեն օր տեսնում եմ, որ կրճատելու անհրաժեշտությունը կա, որպեսզի պետական կառավարման համակարգը լինի ավելի մոբիլ»,- ասաց նա:
Ներկայիս ուռճացված համակարգում, վարչապետի դիտարկմամբ, հանձնարարականները գնում, միջանցքներում կորում են, ու մինչև ինքը չի հիշեցնում, դրանց մասին ոչ ոք չի հիշում: