Վարձակալման է տրվում ոչ թե ամբողջ «Հայֆիլմը», այլ դրա որոշակի տարածքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով վարձակալության պայմանագրի մասին, ասաց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի ներկայիս ղեկավար Դավիթ Կարապետյանը։
«Այս պահին «Հայֆիլը» չունի պետական ֆինանսավորում և այստեղ բավականին անմխիթար վիճակ է, ներդրումներն անհրաժեշտություն էին, և եթե կգտնվեն նոր մարդիկ, ովքեր պատրաստ են հավասարազոր ներդրումներ կատարել, մենք պատրաստ ենք նորից նստել բանակցային սեղան և քննարկել մյուս տարածքների հարցը ևս»,– ասաց Կարապետյանը։
Նրա կարծիքով ` «Հայքի» և «Ազգային կինոկենտրոնի» միավորումը «Հայֆիլմի» հետ մեկ կառույցում ևս մեկ կարևոր քայլ է, քանի որ ունենալ 3 նմանատիպ կառույց, որոնցից երկուսը ֆինանսավորվում են պետությունից, բայց չունեն տարածք, իսկ երրորդը ունի տարածք, բայց չունի ֆինանսավորում, անարդյունավետ է։
«Ներդրումներով առաջին հերթին նախատեսվում է վերանորոգել «Հայֆլմի» երկրորդ տաղավարի տանիքը, որը փլուզման վտանգի տակ է։ Ունենք նաև ներքին հարդարման, հատակի վերանորոգման խնդիր»,– նշեց Կարապետյանը։
Հիշեցնենք, որ վարձակալության պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով` ամսական 800 000 ՀՀ դրամ վարձավճարով:
Վարձակալը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն բարելավումների` տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար: