ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Երևանում վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել: Երեկ՝ մարտի 13-ին, ժամը 02։10-ի սահմանում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժնին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկից։ Նրանք են՝ Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Վաղարշակ Հակոբյանը (գանգուղեղային տրավմա, աջ ազդրի վերին երրորդի պորտային շրջանի կտրած-ծակած վերք) ախտորոշմամբ, 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը (գանգուղեղային տրավմա) ախտորոշմամբ, Արարատի մարզի բնակիչ՝ 23-ամյա Կարեն Համբարձումյանը (ճակատային շրջանի քերծված վերք) ախտորոշմամբ, Երևանի բնակիչ՝ 30-ամյա Գայանե Դավթյանը (գլխի աջ շրջանի կտրած վերք) ախտորոշմամբ, իսկ Ռուզաննա Ազիզյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է (գլխի գագաթային շրջանի հեմատոմա) ախտորոշմամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Սարյան փողոցի վրա գործող «Գեյմ-Զոն» խաղասրահի մոտ, անհայտ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վանուշ Կարապետյանը և 17-ամյա Արմեն Կարապետյանը, որոնք հայտնաբերվել են և բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. և Ա. Կարապետյանները խոստովանել են, որ վիճաբանության ժամանակ Վ. Կարապետյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Հակոբյանին, իսկ Գ. Դավթյանին, Լ. Կիրակոսյանին, Կ. Համբարձումյանին և Ռ. Ազյանին ծեծել է Ա. Կարապետյանը։
Կայքի տեղեկություններով՝ Վ. և Ա. Կարապետյանները հարազատ եղբայրներ են, և քննիչի որոշմամբ նրանք ձերբակալվել են։
Նախաքննությունը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է։