ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Նախկին պաշտոնյաների նկատմամբ ցուցմունքներ տված գործարար Սիլվա Համբարձումյանը նոր անուններ չի հրապարակի։ Այս մասին այսօր դատարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարարը։
«Ոչ մի նոր անուն չի բարձրաձայնվելու, ինչ որ եղել է, արդեն եղել է»,– ասաց Համբարձումյանը։
Նա նաև վերահաստատեց նախաքննական մարմնին տված ցուցմունքն այն մասին, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տվել։
«Ես արդեն 3 տարի է` նշում եմ, և այդ գումարն անփոփոխ է։ 8 միլիոնն արդեն հստակեցված է, որովհետև դա փոխանցում էր, իսկ 6 միլիոնը տրվել էր կանխիկ` Սուրեն Ավագյանի միջոցով, նա էլ է փախած»,– ասաց Համբարձումյանը։
Գործարարը հստակեցրեց, որ փախուստի մեջ գտնվող Սուրեն Ավագյանը նախկին նախարարի համակուրսեցին էր, նրա ձևակերպմամբ` «նազիր–վեզիրը»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դեմ տրված իր ցուցմունքին` Համբարձումյանը նշեց` ինքը հայտնել է, որ կաշառքը փոխանցել է գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով։ Իսկ հասել է գումարը Քոչարյանին, թե ոչ, տեղյակ չէ։
«Ինչ որ ասել եմ Մայրապետյան Սամվելի հետ կապված, ես պնդում եմ ու միշտ կպնդեմ, որովհետև դա իրականություն է»,– ասաց նա։
Սիլվա Համբարձումյանը հերքեց տեղեկություններն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել։
«Երկու ամսից ավելի ժամանակ է անցել։ Ես դատարանից ծանուցում չեմ ստացել»,– ասաց նա։
Նշենք, որ Համբարձումյանն այսօր ներկա էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությանը։
Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Հիշեցնենք` ՀՀ գլխավոր դատախազությունը 2018թ–ի դեկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ կաշառքի ու փողերի լվացման փաստով հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին։
Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
2018թ.–ի նոյեմբերի 2-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008 թվականին ինքը խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել նախագահ Ռոբերտ Քոչարյանին` Սամվել Մայրապետյանի միջնորդությամբ։ Այս հայտարարությունից հետո ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք էր առաջադրվել` խոշոր չափի կաշառք ստանալու հոդվածով։
Քոչարյանի փաստաբանները նոյեմբերի 13-ին դատարան հայցադիմում էին ներկայացրել` զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։
Քոչարյանի փաստաբանական գրասենյակի հայտարարության համաձայն` դատարանն իրենց հայցադիմումը վարույթ է ընդունել։