ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Queen լեգենդար խմբի առաջին բաս–կիթառահար Մայք Գրոուզի մահվան մասին Facebook–ում հայտնում է խմբի թմբկահար Ռոջեր Թեյլորը, որն էլ հենց Գրոուզին ժամանակին հրավիրել էր կոլեկտիվ։
«Նա միշտ հզոր էր։ Հանգչիր խաղաղությամբ», – գրել է Թեյլորը` նշելով, որ ընկերոջ նվագն առաջին անգամ լսել է այն ժամանակ, երբ նա դեռ հանդես էր գալիս The Individuals խմբում։
Գրոուզը Queen–ի մասնակից է դարձել 1970 թվականին, սակայն խմբի կազմում նա ընդամենը երեք համերգի է մասնակցել։ Խումբը լքելու քայլը բացատրել է այն հանգամանքով, որ հոգնել է երաժշտական բիզնեսից։ Վարկածներից մեկի համաձայն` նրա որոշման վրա ազդել են Ֆրեդի Մերկուրիի և Թեյլորի վիճաբանությունները։ Նրա գաղափարներից մի քանիսն օգտագործվել են Queen–ի առաջին ալբոմում։
Երաժշտական ամսագրերում որևէ տեղ չի նշվում Գրոուզի ծննդյան հստակ ամսաթիվը։ Սակայն Queen–ի արվեստն ուսումնասիրողները կարծում են, որ երբ նա եկել է խումբ, մոտավորապես 22 տարեկան է եղել։