ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Առաջիկա չորեքշաբթի օրը` մարտի 13-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի: Արտահերթ նիստի մասին որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում:
Արտահերթ նիստի օրակարգում ներառված է երկու հրատապ նախագիծ` «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Կառավարության նախաձեռնությամբ գումարվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվում է 3-ական ժամ: