Նրանց հիմնական առաքելությունը բարեգործությունն է, մարդաորսությամբ էլ չեն զբաղվում: «Մենք խաչակիրներ ենք, այլ լեզվով ասած` Քրիստոսի զինվորներ: Չես կարող լինել տամպլիեր, եթե քրիստոնյա չես»,- Sputnik Արմենիայի եթերում ասում է Հայաստանում տաճարական ասպետների հայաստանյան կազմակերպության գերագույն առաջնորդի տեղակալ Ջոն Մակարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու են ոմանք տամպլիրեներին համարում մասոններ կամ աղանդավորական կազմակերպության անդամներ:
Ջոն Մակարյանի խոսքով` իրենց նույնիսկ տաճարական մասոններ են համարում, ինչը տգիտության արդյունք է:
«Ցավոք սրտի, այսօր շատերը ժառանգել են նաև կոմունիստական գաղափարախոսությունը, որ բոբո էին և՛ տամպլիերները, և՛ մասոնները, ու նրանց բոլորին խառնել էին մի ափսեում»,– ասում է նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը իրենց համարեց մասոնական կազմակերպություն, Մակարյանը պարզաբանեց, որ իրենց հասցեին նման պիտակավորումներ հաճախ են հնչում: «Իսկ մասոնության հետ կապն այնքանով է, որ մեր գերագույն առաջնորդը մասոնական կազմակերպության անդամ է, այնպես, ինչպես ունենք Դաշնակցական կամ Հանրապետական կուսակցության անդամներ»:
Քրիստոսի և Սողոմոնի տաճարի աղքատ ասպետները կամ Տաճարականների հոգևոր-ասպետական միաբանությունը ստեղծվել է դեռ 11-րդ դարում: Պատմությունը հետևյալն է. 9 ասպետ` Հյուգո դը Պեյնի գլխավորությամբ, հավաքվել են` որոշելով, որ պաշտպանելու են Երուսաղեմ գնացող բոլոր այն ուխտավորներներին, որոնք հալածվում են, ծեծվում ու թալանվում ուխտի ճանապարհին: