ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում քննվող քրեական գործով նոր բացահայտումներ են տեղի ունեցել։ 2018թ. մարտի 8-ին Սպիտակում մահացած Է.Գյուլազյանի մահը նախապես որակվել էր որպես թմրամիջոցների գերդոզավորման հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահար։ Բայց մեկ տարի անց պարզվել է, որ նրա սպանությունն իրականում պատվիրված է եղել։
Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ 1983թ. ծնված բնակիչ Է.Գյուլազյանի դին հայտնաբերվել էր 2018թ. մարտի 8-ին, Շիրակի մարզի Ազատան գյուղից դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհին։ Դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզվել էր, որ նա մահացել է «մեթամֆետամինի» գերդոզավորուման հետևանքով։
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նրան սպանել են, ընդ որում` կալանավայրից տրված պատվերով։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 45-ամյա կալանավորը, որը մեղադրվում է մարդու առևանգման համար, վրեժ լուծելու նպատակով իր խցակցին՝ 1995թ–ին ծնված երիտասարդին պատվիրել է կազմակերպել Սպիտակ քաղաքի բնակիչ Է.Գյուլազյանի սպանությունը` նրան մեծ չափաբաժնով թմրանյութ ներարկելու և թմրանյութային գերդոզավորման իմիտացիա ստեղծելու եղանակով:
Խցակիցն այդ հարցով կապ է հաստատել ու համաձայնության եկել իր ծանոթ մի 23-ամյա աղջկա հետ` նրան 10 000 ԱՄՆ դոլար խոստանալով։
Աղջիկը, հանդես գալով որպես մարմնավաճառ, համապատասխան ծառայություններ մատուցելու պատրվակով կապ է հաստատել Է.Գյուլազյանի հետ և նրա հետ հանդիպել Գյումրի քաղաքի հյուրանոցներից մեկում։ Այդտեղ նրան թմրամիջոցի մեծ քանակ է ներարկել, ապա գիտակցությունը կորցրած երիտասարդին տեղափոխել անմարդաբնակ վայր։
2018թ.–ի մարտի 8-ին, 08։00-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն տեղափոխվելու ճանապարհին Գյուրզադյանը մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ։
Նոր բացահայտումներից հետո 23 տարեկան աղջկան սպանության մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։
Իսկ սպանությունը պատվիրած անձի` Գյումրի քաղաքի բնակիչ 1974թ.-ին ծնված Ռուբեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։