ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` մարտի 2-ին, հրաժեշտ է տվել վերջին մեկ տարվա իր աշխատավայրին` Մաշտոցի 47-ին։ Այս մասին է հուշում Instagram–ի էջում հրապարակված լուսանկարը։
Աշխատասենյակի պատուհանից նայող նախագահի լուսանկարի տակ գրված է. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի դեպ, հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանի հրաժեշտը համընկել է այն օրվան, երբ Ազգային ժողովը նրան ՀՀ նախագահ էր ընտրել։
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանը 2018թ. մարտի 2-ին էր ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2018թ. ապրիլի 9-ին:
Ինչ վերաբերում է աշխատավայրին, նշենք, որ նախագահը տեղափոխվելու է Բաղրամյան 26, որտեղ այս պահին ՀՀ վարչապետի նստավայրն է։
Այդ տեղափոխության մասին որոշումն ընդունվել էր դեռ 2018թ–ի նոյեմբերին։
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն` Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Նույն օրենքում հակառակ փոփոխությունը կատարվել էր 1 տարի դրանից առաջ` 2017թ–ի դեկտեմբերին։ Այն ժամանակ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ Սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետին անհրաժեշտ է լինելու 2 նստավայր`Բաղրամյան 26-ում և Կառավարության շենքում։ Եվ նախագահին հատկացվել էր Մաշտոցի 47-ում գտնվող ընդունելությունների տունը։