ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Մոտ ապագայում նախապատրաստվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ամփոփել են փետրվարին տարածաշրջան կատարած այցը, որի շրջանակում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների հետ:
«Տարածաշրջանային այցի ժամանակ երկրների ղեկավարները համանախագահներին զեկուցել են հունվարին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում իրենց զրույցի մասին: Ղեկավարներն ու համանախագահները քննարկել են իրավիճակն ու հաջորդիվ քայլերի վերաբերյալ իրենց սպասումները: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: Ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ապագայում նրանց հովանու ներքո հանդիպելու առաջարկը»,-ասվում է հաղորդագրությունում:
Տարածաշրջանային այցից հետո համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մեկնել են Վիեննա և Բրատիսլավա, որպեսզի այցի արդյունքների մասին զեկուցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակին:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել Դավոսում հունվարի 22-ին։ Ինչպես ավելի ուշ պատմեց Փաշինյանը, քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, կարգավորման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը, առկա խոչընդոտները և այլն։