ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Վերջին շրջանում հասարակության մեջ ակտիվորեն քննարկվում է «Քո արվեստը» ծրագիրը և թանգարաններից դպրոց կտավները տանելու գաղափարը։ Թվում է, թե միտքը վատը չէ. ծանոթացնել երեխաներին հայկական և համաշխարհային մշակութային ժառանգությանը: Սակայն ոլորտի գործիչները դեմ են հանդես եկել։ Նրանք համոզված են, որ ոչ թե սարը պետք է Մուհամմեդի մոտ գնա, այլ ճիշտ հակառակը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մշակույթի ոլորտի նկատմամբ ստեղծագործ մոտեցման մասին։ Նա պատմեց «Քո արվեստը» իր սիրելի նախաձեռնության մասին, որի շրջանակում թանգարաններից կտավները դուրս կբերվեն հատուկ մեքենաներով և կտարվեն դպրոց։ Նա նշեց, որ որոշ թանգարաններ ֆինանսավորվում են բյուջեից, իսկ այնտեղ ամսական 10-15 մարդ է մտնում։ Ըստ ՀՀ վարչապետի՝ անհրաժեշտ է փոխել մոտեցումը և մշակույթը դուրս հանել։
Արվեստաբան Արմեն Եսայանցը խորհուրդ է տալիս մտորել այն մասին, թե ինչու մարդիկ թանգարան չեն հաճախում և լուծել հենց այդ խնդիրը։
Նա նշեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահը 12 մասնաճյուղ ունի, սակայն քչերն այդ մասին գիտեն։ Երևանցիների հիմնական մասը չգիտի նույնիսկ Հակոբ Կոջոյանի կամ Արա Սարգսյանի տուն–թանգարանների գոյության մասին։
Նրա համոզմամբ` պետք է զբաղվել թանգարանների գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ և ամրապնդել այցելուների հետ կապը, ոչ թե հակառակը։
«Մեր երկիրն այնքան փոքր է, որ կտավները կամ այլ ցուցանմուշները թանգարաններից դուրս հանելը պարզապես ծիծաղելի է և անիմաստ ռեսուրսների կորուստ։ Էլ չասած կտավների անվտանգության և ապահովության մասին. կամ ի՞նչպես է որոշվելու, թե կոնկրետ որ կտավը, քանդակը կամ փոքրիկ մատանին է դուրս բերվելու։ Ո՞վ է որոշելու՝ որ դպրոցների աշակերտները դառնան ցուցահանդեսների հյուրընկալ։ Բոլորի համար նույն դասախոսությո՞ւնն են կարդալու։ Սակայն ամենակարևոր հարցը. ինչի՞ համար է պետք այդ ամենն անել», – ասաց արվեստաբանը։
ԻԿՕՄ Հայկական թանգարանների ազգային կենտրոնի նախագահ Անի Ավագյանը նույնպես կարծում է, որ պետք է հանրահռչակել թանգարանները և աշխատել այցելությունների քանակը մեծացնելու ուղղությամբ։ Նրա համոզմամբ` այս նախաձեռնությունը կխոչընդոտի հասարակության մշակութային զարգացմանը և նրան «խավարի» մեջ կգցի։
«Որևէ մեկը հարցրե՞լ է աշակերտներին և նրանց ծնողներին, նրանք գերադասում են թանգարաններ այցելե՞լ, թե՞ ուզում են, որ կտավներն իրենց մոտ բերեն։ Արդյո՞ք նման մոտեցման արդյունավետության ուսումնասիրություն անցկացվել է, թե՞ ինչ–որ մեկը երազ է տեսել և որոշել այդ երազն իրականություն դարձնել բոլոր հնարավոր լծակների օգնությամբ», – ընդգծեց նա։
Երաժշտական պրոդյուսեր Նիկա Բաբայանը խորհուրդ է տվել Փաշինյանին պատկերացնել մի իրավիճակ, երբ գյուղական դպրոց է մոտենում շքեղ նորագույն ավտոբուսների շարանը Ճանապարհային ոստիկանության մեքենաների ազդանշանների ուղեկցությամբ։ Այդ հիասքանչ ձայների ներքո երեխաներին նստեցնում են ավտոբուս, որտեղ ամեն աթոռին նրանց նվեր է սպասվում. գունագեղ ալբոմ կամ գիրք, և տանում Երևան համերգի, ցուցահանդեսի կամ թանգարաններ։ Նրա համոզմամբ, դա ավելի էժան կլինի, քան պահակազորի ուղեկցությամբ կտավները դուրս բերելը։
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, հայտարարեց, որ շատերը չեն հասկանում կոնցեպտի համն ու հոտը, բայց չէ՞ որ այդ նախաձեռնության շնորհիվ երեխաների պատկերացումները արվեստի և կտավների մասին կփոխվեն։ Նա համաձայնեց այն նկատառման հետ, որ այս նախաձեռնությունը կարող է ազդել թանգարանների այցելության ցուցանիշների վրա, սակայն, նրա կարծիքով, սա ժամանակավոր խնդիր է։
«Եվ այն իր կոնցեպտն ունի։ Մոտեցումն այն է, որ արվեստը պետք է գնա ժողովրդի մոտ։ Վարչապետն այսօր էլ, նախկինում էլ նախընտրում էր այս մոտեցումը։ Երբ նա խմբագիր էր, ասում էր, որ հոդվածը պետք է գրել այնպես, որ հասկանան և՛ հովիվները, և՛ չինովնիկները։ Սա նրա հետաքրքիր ներքին դեմարշն է, որը ես հասկանում եմ», – ասաց նա։
Միևնույն ժամանակ այն փաստարկը, որ կտավները կարող են փչանալ կամ գողանալ, նա կտրականապես հերքում է։ Նրա խոսքով` ցուցանմուշները պարբերաբար արտասահման են ուղարկում տարբեր ցուցահանդեսներին մասնակցելու համար, նման խոսակցություններն անիմաստ են։ Ղարիբյանը նշեց, որ նախագիծը մշակման փուլում է և ստեղծագործությունների կոնկրետ ցանկ դեռ չկա։