ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության նորընտիր անդամներն այսօր երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները։
Նախարարների երդման արարողությունը կայացավ ՀՀ նախագահի նստավայրում։
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,–ասում էին նախարարները երդման տեքստում:
Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար: Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար: Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար, Ֆելիքս Ցոլակյանը` արտակարգ իրավիճակների նախարար: Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Տիգրան Խաչատրյանը` տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար. Արսեն Թորոսյանը`առողջապահության նախարար։ Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար, Զարուհի Բաթոյանը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար: