ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ծիծաղելի է համարում։ Այս մասին նա ասաց հունվարի 28-ին Եռաբլուրում, լրագրողների հետ ճեպազրույցում։
«Դա նույնն է, թե Նիկոլ Փաշինյանն այսօր սահմանադրական կարգը տապալի, որ նորից մնա վարչապետ։ Սա մի քիչ ծիծաղելի է։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանություն չէ։ Իշխանությունում գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,– ասաց նա։
Անդրադառնալով մեղադրանքի հիմքում դրված 0038 հրամանին` Բալասանյանը հայտարարեց, որ դրանում բանակը քաղաքական պրոցեսներին մասնակից դարձնելու մասին խոսք չկա։
«Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք` ամոթ մեզ։ 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի և չի մասնակցել քաղաքական իրադարձություններին»,– ասաց նա։
Իսկ կիրառված «Չերյոմուխա– 7» տեսակի հատուկ միջոցների մասին, Բալասանյանը հայտարարեց, որ դրանք կիրառել են Ոստիկանության ներքին զորքերը, և որ բանակը «Չերյոմուխա– 7» չունի և երբևիցե չի ունեցել։
Մեկնաբանելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունն այն մասին, որ զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանությունը կազմակերպվել է հատուկ դրություն մտցնելու համար` Վիտալի Բալասանյանն ասաց` ամոթ է։
«Չի կարելի քաղաքական տարբեր դիվիդենտներ շահելու համար այդ զոհերի ընտանիքներին գցել նման ծանր վիճակի մեջ»,– ասաց Բալասանյանը` համոզմունք հայտնելով, որ քննության ավարտին այդ հայտարարություններն անողները շատ վատ վիճակի մեջ են հայտնվելու։
Իսկ հարցին, թե ով է պատասխան տալու մարտի 1-ի 10 զոհերի համար, Վիտալի Բալասանյանը խորհուրդ տվեց չշտապել ու սպասել դատարանի որոշմանը։
Հիշեցնենք`2007-2010 թվականներին Վիտալի Բալասանյանը զբաղեցրել է ԼՂՀ նախագահի խորհրդականի պաշտոնը։