ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Սրճարանի հայ վարձակալը և սեփականատերը դատարանի առաջ կկանգնեն։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն։
Սոչիի Ադլերի շրջանի սրճարաններից մեկում հրդեհի հետևանքով 4 մարդ էր մահացել, հարևան շինությունում` 7–ը։ Բացի այդ, շարունակվում է հարևան ապօրինի շինության սեփականատիրոջ նկատմամբ գործի հետաքննությունը, որտեղ հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 30-ին։
Սոչիի քաղաքապետարանի տեղեկության համաձայն` բոլոր մահացածները Սոչի էին եկել Ռուսաստանի տարբեր քաղաքներից և ԱՊՀ տարբեր երկրներից` գումար աշխատելու նպատակով։
Քննչական մարմնի վարկածի համաձայն` 34-ամյա տղամարդը 2010-2013 թվականներին ապօրինի շենք է կառուցել Ադլերում և հակահրդեհային պաշտպանության միջոցներ չի ձեռնարկել, հրդեհի օջախները հայտնաբերելու և հրդեհը մարելու համակարգեր չի տեղադրել, ինչպես նաև տարհանման ճանապարհներ չի ապահովել։ Սեփականատերը տեղյակ է եղել, որ շինությունը վտանգավոր է։ 52-ամյա հայը, իմանալով խախտումների մասին, վարձակալել է տարածքը և այնտեղ խորովածանոց բացել։
«Ավարտվել է Ադլերի շրջանում ապօրինի շինության 34-ամյա սեփականատիրոջ և տարածքը վարձակալած 52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական գործի հետաքննությունը։ Նրանք մեղադրվում են անզգուշությամբ մահ պատճառելու մեջ... Քննությունը բավարար ապացույցներ ունի, այդ պատճառով քրեական գործն ուղարկվել է դատարան», – գրված է հաղորդագրության մեջ։
Հայի նկատմամբ գործ է հարուցվել նաև սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար, ինչը անզգուշության հետևանքով երկու կամ ավելի անձանց մահվան է հանգեցրել (ՌԴ ՔՕ 238 հոդվածի 3 մաս)։
Քննչական մարմինը բավարար ապացույցներ ունի, ինչի հետ կապված քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան` այն ըստ էության ուսումնասիրելու նպատակով։