ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփը շուտով կարող է գլխավորել Համաշխարհային բանկը։ Այս մասին գրում է Business Insider-ը։ ՀԲ–ի գործող ղեկավար Ջիմ Յոն Կիմը հրաժարական կտա այս տարվա փետրվարի 1-ին։
Դոնալդ Թրամփի աղջկանից բացի, ՀԲ ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվում նշում են ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի, ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Մարկ Գրինի անունները։
Համաշխարհային բանկը ֆինանսական կառույց է, որը ստեղծվել է զարգացող երկրներին ֆինանսական և տեխնիկական օգնություն տրամադրելու նպատակով։