ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Այսօր` հունվարի 7-ին «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում» ամրագրված է որպես ոչ աշխատանքային օր, քանի որ այդ օրն ընդունված է այցելել հանգուցյալների գերեզմաններ։
Սուրբծննդյան և Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը Հայաստանում ոչ աշխատանքային է հռչակվել դեռ 2001թ–ից, երբ «Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում» այն ամրագրվեց որպես «Սուրբ ծննդի և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի ոչ աշխատանքային օր»:
Ավելի ուշ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին ոչ աշխատանքային հռչակվեցին նաև Հայ առաքելական եկեղեցու մյուս 4 տաղավար տոներից յուրաքանչյուրին հաջորդող օրերը ևս։ Սկսած 2008թ–ից` յուրաքանչյուր տոնին ընդառաջ կառավարչությունը համապատասխան որոշմամբ այդ օրերը հռչակում էր ոչ աշխատանքային, ինչը Տիգրան Սարգսյանը բացատրում էր այդ օրերին գերեզմաններ այցելելու ավանդույթով ու դրա պատճառով աշխատանքից դուրս գալու հանգամանքով։
2012թ–ից ի վեր կառավարությունն ու Ազգային ժողովը համապատասխան փոփոխություն կատարեցին նաև «Տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում»` ձևավորված սովորությունը դարձնելով օրենքի պահանջ։
2017թ–ին, սակայն, Ամանորին ընդառաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2018-ը կլինի վերջին տարին, երբ Հայաստանն այդքան երկար է հանգստանում ձմռանը, և նախաձեռնեց օրենքի փոփոխություն, որով տոների տևողությունը պետք է կրճատվեր մինչև 3 օր, իսկ մեռելոցները` դառնային աշխատանքային օրեր։ Կառավարության ընդունած օրենքի փոփոխության նախագիծը, սակայն, այդպես էլ չքննարկվեց ու չընդունվեց խորհրդարանում, և այս տարի ևս տոնական հանգիստը տևեց մեկ շաբաթ։
Հետտոնական աշխատանքային առօրյան ու աշխատանքային տարին կմեկնարկի վաղը` հունվարի 8-ից։