ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
«Իհարկե, այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը»,- նշում է պարբերականը:
Հիշեցնենք` ավելի վաղ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, RFI ֆրանսիական ռադիոկայանի եթերում ասել էր, որ ամուսինը տիրապետում է ֆրանսերենին և պատրաստ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։
Վարչապետի կինն ասել էր, որ ինքն էլ է դպրոցում ֆրանսերեն անցել, բայց պրակտիկայի պակասի պատճառով լավ չի հիշում։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա, ըստ Հակոբյանի, ֆրանսերենին շատ ավելի լավ է տիրապետում, քանի որ համալսարանում է ուսումնասիրել լեզուն։